среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 15

Posted by Unknown On 16:48

                       Միլիոններ, տուն, հարստություն ում և ինչի են պետք

Թամարա Գևորգյանին բոլորն են ճանաչում Սիսիանի Շամբ գյուղում և հարևան գյուղերում: Թամարան, բնակվելով գյուղում և զբաղվելով գյուղատնտեսությամբ, միաժամանակ աշխատացնում է երկու արտադրամաս և մեկ խանութ: <<Միլիոններ, տուն, հարստություն ում և ինչի են պետք: Կարևորը առողջ լինելն ու առողջ, խելոք երեխաներ ունենալն է: Մարդ երջանիկ է իր ունեցած երեխայով, քանի որ ազգին, հասարակությանը պիտանի մարդ է տալիս: Դա իմ կարծիքն է>>,- ասում է մեկ դստեր մայր Թամարան: Սիսիան քաղաքում ծնված ու մեծացած, Երևան քաղաքում հաշվապահություն ուսանած կինը հավաստում է, որ ինքը սիրում է գյուղը.<<Քաղաքում մարդկանց 50-60%-ը սթրես է տանում: Դա նրանից է, որ մարդիկ չեն շփվում իրար հետ, չեն խոսում: Հնարավոր է` այսօր դու քաղաքում նեղված լինես, և մեկը չլինի, որ հետը կիսվես: Այստեղ շփման եզրերը շատ լավ են>>: Գոհ եմ և՛գյուղից, և՛ գյուղի ժողովրդից: Մարդկանց թվում է, թե քաղաքում բախտ են բաժանում: Մի անգամ քաղաքում հյութի արտադրամաս մտա, տեսա` մարդիկ, մինչև ծնկները հասնող ռեզինե երկարաճիտ կոշիկներ հագած, ջրերի մեջ ամբողջ օրն աշխատում են: Ավելի լավ է` գյուղում քո հողակտորը մշակես: Ես իմ հողամասում ընդհանրապես քիմիական պարարտանյութեր չեմ օգտագործում: Կարկանդակներն իմ հողամասից ստացած կարտոֆիլով եմ պատրաստում: Շամբում առաջին լոբին ես եմ ունենում: Բայց գյուղացին շատ է չարչարվում ու ապարդյուն: Ավելի լավ է լոբին կանաչ վիճակում վաճառես, քան հասունանա ու հետո չգնեն>>:
Բազմազբաղ Թամարան հացի արտադրամասը հիմնադրել է 2008-2009 թվականներին: Ունի աշխատողներ` Գևորգյան Կարոն և Պողոսյան Ծովինարը: Թխում են հաց, կարկանդակ, հոթ-դոգ, խաչապուրի, տարբեր տեսակների խմորեղեն: Հացի արտադրամասում կոտլետի, կոլոլակի, խինկալու կիսաֆաբրիկատներ, խմորեղենի լիստեր նույնպես պատրաստում են: <<Խմորն ես անձամբ եմ անում. չեմ վստահում, որովհետև խմորից է կախված, թե հացն ինչպիսին կլինի: Մեր արտադրանքը վաճառում եմ իմ խանութում: Կանխիկ չեմ վաճառում. հիմնականում պարտքով են վերցնում: Հարկային դաշտում գրանցված եմ, խնդիրներ չունեմ: Շատ կանայք են ասում.<<Կլինի՞, որ այս ամիս քեզ մոտ աշխատեմ, որպեսզի էլեկտրաէներգիայի վարձը կարողանամ վճարել>>: Ես էլ ընդառաջում եմ: Հատկապես ամռանը աշխատողների կարիք շատ եմ ունենում: Լինում է, որ ստիպված գիշերն ենք աշխատում, երբ հարսանիքի և այլ արարողությունների համար պատվերներ ենք ունենում: Աշխատող մարդն ամեն ինչ էլ անում է: Որտեղ էլ որ ուզես` աշխատանք կա>>,-անկեղծանում է Թամարան:
Այս պատմության հերոսուհին չի սիրում, որ գյուղի կանայք սննդամթերքը թափում են, քանի որ ինքը խնայող է և այդպես չի վարվում: Թամարան նաև հրաշալի պահածոներ է պատրաստում: Այդ մասին նա ասում է. <<Ես հիմնականում պահածոներից պատրաստում եմ լավ կոնֆիտյուրներ: Կոնյակ էլ եմ պատրաստում: Ես երբեք գազով հյութ չեմ գնում. տնական պայմաններում եմ հյութեր պատրաստում: Միայն ամանորյա սեղանի համար եմ գազով հյութ գնում, այն էլ`մտածելով, որ հյուրերի մեջ կարող է մարդիկ լինեն, ովքեր այդպիսի հյութ են նախընտրում>>:
Կարի արտադրամասը գործում է 2007 թվականից: <<ԱՍԴ (ակցիա սովի դեմ) կազմակերպության գրասենյակ կարի արտադրամասի ծրագիր եմ ներկայացրել և ստացել եմ կարի մեքենա: Զբաղվածության կենտրոն ծրագիր եմ ներկայացրել և ֆինանսական հատկացում են արել, ինչի շնորհիվ ասեղնագործություն եմ սովորեցնում գյուղի երիտասարդ աղջիկներից վեցին, որոնցից երկուսին պետք է ընդունեմ աշխատանքի: Հիմնականում ամառային զգեստներ, տոնական հագուստ, սպիտակեղեն, շապիկներ, վարտիքներ, գիշերազգեստներ ենք արտադրում: Վերանորոգման աշխատանքներ էլ ենք իրականացնում: Ունեմ աշխատող` Վարդիթեր Միքայելյանը: Ունիվերսալ արտադրամաս է. գյուղում ում ինչ անհրաժեշտ է լինում, ինձ մոտ է պատվիրում: Դիմում են մանկական բարուրի սպիտակեղենի պատվերներով:Նույնիսկ բազմոցի և մեքենայի նստատեղերի պաստառներ ենք փոխել: Նոյեմբերին Գորիս քաղաքում ցուցահանդես-վաճառք էր, որի ժամանակ մեր բոլոր ասեղնագործ աշխատանքները վաճառել ենք>>,-պատմում է սեփական ջանասիրությամբ արդյունքների հասած գյուղացի գործարար կինը:
Իր իրականացրած ծրագրերի մեջ Թամարան առավելություն է տալիս բակային ճամբարին և այդ մասին ոգևորությամբ մանրամասնում է.<<2010 թվականի ամռանը <<Վորլդ Վիժն>> կազմակերպությունից խնդրել եմ 45 շապիկ ( նվերների համար) 7 ավել, գուաշ և գունավոր կավիճներ: Երեխաները մեծ ուժ են, ու մի ամբողջ ամառ Շամբը մաքրության մեջ ողողված էր: Մտադիր եմ այս տարի էլ կազմակերպել բակային ճամբար: Գյուղն այնքան մաքուր էր, որ փայլում էր մաքրությունից,իսկ ժողովուրդը հիմնականում դրսում էր լինում, տուն չէր գնում: Իմ ամենահաջողված ծրագրը, որ ես ինձանից գոհ էի, դա էր: Շամբ եկած ամերիկացի կամավոր Ջեսին այդ ժամանակ ասաց.<<Ես իմ կյանքում այդպիսի բան չեմ տեսել>>: Դրանից հետո Ջեսին ինձ առաջարկեց երեխաների դասընթաց, որի դիմաց <<Խաղաղության Կորպուս>>ը հատկացրեց սեղան-աթոռներ և աշխատանքային անհրաժեշտ պարագաներ: Երեխաներին սովորեցնում էի արդուկել, իրենց նասկիները, հագուստի պատռվածքներն այնպես կարել, որ չերևա` դա կարկատած է: Դե գյուղի ժողովուրդ են, այգի են մտնում, հագուստը պատռվում է: Հարս գնալով և տանտիկին դառնալով` իրենք ի վիճակի կլինեն այդ աշխատանքները կատարելու: Երեխաներին սովորեցնում էի, թե ինչպես կտրել հին սվիտրներն ու ժիլետներ դարձնել, շրջազգեստները գոգնոցներ դարձնել, մեծի հագուստը դարձնել փոքրի, մետաքսյա հին վերնաշապիկների կտորով մազակալներ կարել: Այն վատ թվերին մենք մեր ընտանիքներն այդպես ենք պահել: Կյանք է, ինչեր ասես կարող են լինել: Երեխաներ են, ինչպես սովորեցրեցիր, այդպես էլ գնալու է: Մայրս կար ու ձև անող է եղել ու ինձ նա է սովորեցրել >>:
Հաշվապահի կրթությամբ կինը չի ափսոսում, որ նման աշխատանքով է զբաղվում և իր մասնագիտությամբ չի աշխատում, քանի որ ներկայումս կրճատումները շատ են, իսկ ինքը սիրում է իր այս աշխատանքը:

Ի տարբերություն երևանաբնակ իր հարազատների` գյուղում բնակվող Թամարան ժամանակ է գտնում 13-ամյա դստերը` Դիանային, սահադաշտ, պատկերասրահ, դելֆինարիում, Արամ Խաչատրյանի անվան համերգասահ տանելու և գեղագիտական դաստիարակություն տալու համար:

Blogroll

About