среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 14

Posted by Unknown On 16:46

                                 Գութանը …կանայք էին քաշում

16-ամյա Հասմիկ Գրիգորյանն ընդամենը 15 օրվա ամուսնացած և Դարբասի բուժկետում` որպես վարիչ 20 օրվա աշխատող է եղել, երբ Հայրենական Մեծ Պատերազմը սկսել է, ու իրեն զորակոչել են: << Ժամանակավոր մեզ մոտ էին գործուղել դոկտոր-պրոֆեսոր Ամալյա Ալեքսանդրովնա Քաթանյանին: Տվյալ օրը նա ինձ հետ էր: Այդ ժամանակ կեռասը նոր հասնում էր: Կիրակի օր էր: Մենք երկուսով գտնվում էինք կոլխոզի այգում: Ես, ծառը բարձրացած, կեռաս էի քաղում և հյուրասիրում բժշկուհուն: Մեկ էլ լսեցինք գյուղի գյուղսովետի քարտուղար Անդրեասի ձայնը.<<Պատերա՜զմ, պատերա՜զմ>>: Ես ծառից արագ-արագ իջա ցած: <<Դուք երկուսդ էլ կանչված եք`որպես բուժաշխատողներ>>,-մոտենալով մեզ` ասաց Անդրեասը: Այդպես էլ մեզ ոտքով, ձիով տարան մինչև Սիսիան, այնուհետև Երևան: Սիսիանում հսկայական թվով տղամարդիկ նույնպես ձիերով գնում էին: Այնքան տղամարդու արյունից հո իմ արյունը ավելի կարմիր չէր>>,-մտովի վերադառնալով անցյալ` բարձրաձայն վերհիշում ու հետաքրքրությունս էլ ավելի է բորբոքում Հասմիկ տատը:
Երևանում նրան ուղարկել են N14/72 հոսպիտալ: <<Դա <<Բերիայի անվան դպրոց>>ն էր, որը դարձրեցին հոսպիտալ: Երկար աշխատեցինք մինչ հոսպիտալը` որպես այդպիսին, կարգավորվեց: Այդ աշխատանքից հետո ամեն օր, գիշեր ու ցերեկ սկսեցինք կայարանից վիրավորներ տեղափոխել: Պատահել է, որ 3 օր շարունակ զինվորներ եմ կրել, ու օրինակ`ամսի 13-ին ինձ հարցրել են, թե ամսվա որ օրն է, ես պատասխանել եմ` տասն է: Այնքան հոգնած եմ եղել, որ չեմ քնել ու չեմ էլ իմացել, որ օրերն անցել են: Սիսիանից ինձ հետ էր Գրիգորյան Պայծառը, ով նույնպես Լորեցի էր: Մենք միշտ նշվում էինք` որպես լավ աշխատողներ: Մենք ուժ ունեինք. գյուղից գնացած աղջիկներ էինք: Մյուսները քաղաքի թույլ-մույլ աղջկներ էին. ուժեղ շոգին չէին դիմանում, թուլանում- ընկնում էին: Շատ մեծ դժվարություններով աշխատեցինք, բայց պատվով դուրս եկանք:Պատերազմի ընթացքում կար մի ժամանակահատված, երբ Լենինգրադը լուրջ վտանգի տակ էր, քանի որ արդեն քիչ էր մնում հակառակորդի զորքը վերցներ քաղաքը: Վիրավորները շատ էին, և հոսպիտալից հնարավորինս շատ մարդկանց էին ուղարկում այնտեղ: Մեր ղեկավարությունը բոլորին ուղարկում էր սահմանային դիրքեր, բայց մեզ երկուսիս թույլ չտվեց գնալ, որովհետև լավ աշխատողներ էինք ու մեր կարիքը հոսպիտալում խիստ զգացվում էր: Դժվար, բայց պատվով աշխատանք կատարեցինք, բարով-խերով էլ ողջ-առողջ վերադարձանք>>,-շարունակելով իր պատմությունը`հոսպիտալի և այնտեղ կատարած իր աշխատանքի վերաբերյալ մանրամասներ է հաղորդում զրուցակիցս:

Հասմիկ Գրիգորյանի հարազատ եղբայրը`հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանը նույնպես մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին: Հոդվածիս հերոսուհին պատմում է.<<Համոն գնացել է ժամկետային զինվորական ծառայության, հետո պատերազմը սկսել է, և նա մինչև պատերազմի վերջը մնացել է այնտեղ: Համոն Սև ծովում նավաստի է եղել, քանի որ Բաքվից էր գնացել բանակ: Մի օր երազիս տեսա` վարսերս կտրում են: Այդպիսի երազն ինձ համար սովորաբար կատարվում էր կա՛մ ուղիղ կա՛մ փոխաբերական իմաստով: Բայց փոխաբերական իմաստով այդ երազը վատ նախանշան ուներ: Ուստի ես վեր կացա, գնացի և հոսպիտալի վարսավիրին ասացի.<<Վարսերս կտրեք>>: Այդ երիտասարդն ինձ պատասխանեց. <<Եթե նույնիսկ թևս կտրեն, ես այդ երկար, գեղեցիկ վարսերը չեմ կտրի>>: Ես բացատրեցի.<<Պետք է կտրեք, որ եղբորս բան չպատահի, և նա ողջ վերադառնա>>: Պատերազմի ժամանակ ես վիրահատարանի բուժքույր եմ եղել: Երբ վիրավորները լաց էին լինում, մենք էլ էինք նստում իրենց կողքին ու լաց լինում: Մտածում էի, որ իմ եղբայրն էլ մի ուրիշ տեղ է այդ նույն վիճակում: Պատերազմի ընթացքում ես ու Համոն չենք հանդիպել, բայց մեր միջև նամակագրություն է եղել: Երկուսս էլ զորացրվել ենք մեդալներով ու շքանշաններով>>:
Պատերազմի ժամանակ կանայք տղամարդկանց փոխարեն ծանր աշխատանք են կատարել: Կինը դադարել է կին մնալ, հատկապես`գյուղում: <<Գնացել են կոլխոզում այնքան կովերը կթել, հետո եկել ու սկսել խոտ հնձել: Վեսկի են քաշել: Երևի չգիտես, թե վեսկին ինչ է: Տեսե՞լ ես, որ իմանաս: Գութանը, որ տղամարդն էր քաշում, կանայք էին քաշում: Հետո գուլպա էին գործում պատերազմի զինվորների համար: Հենց այդ պատերազմի ազդեցությունն է, որ այն ժամանակ բաց աչքերով էի լուսացնում, մինչև հիմա էլ պառկում եմ ու չեմ կարողանում քնել: 16 տարեկանն ի՞նչ է, որ այդպիսի տեղ գնա >>,-պատերազմի` կանաց կյանքում ունեցած ազդեցությունը ներկայացնում է Մեծ Հայրենականի հաղթանակում իր նշանակալի ներդրումը կատարած կինը:
Պատերազմի ավարտից հետո մինչև 1993 թվականը Հասմիկ Գրիգորյանը շարունակել է աշխատել 6 գյուղերի սպասարկող Դարբասի տեղամասային հիվանդանոցում`որպես մանկաբարձ: <<Այն ժամանակ սովորելու գնում էինք 7-րդ դասարանից: Որպես բուժքույր` կրթությունս ստացել էի Գորիսում: Մերը կոչվում էր <<Ֆերդշելո մանկաբարձական>>, ու քանի որ ֆերդշելոն էր, դրա համար էլ ինձ ուղարկեցին պատերազմ>>,-մեր խոսակցությունը եզրափակում է ոչ միայն կենսագրությամբ, այլև հոգեպես հարուստ անհատականությունը :
Չորս զավակի, տասնվեց թոռան ու քսաներեք ծոռան տեր Հասմիկ Գրիգորյանին ոչ միայն Դարբասում, այլև տարածաշրջանում բոլորն են ճանաչում ու հարգում `որպես վաստակաշատ մանկաբարձի և Հայրենական Մեծ Պատերազմի մասնակցի: Բազմաթիվ երեխաների այս լույս աշխարհ գալ և անհամար վիրավորների վերստին կյանք վերադառնալ օգնած ուժեղ ու բարի արդեն 90 -ամյա այդ կինն, ում գեղեցկությունը չեն կարողացել ստվերել ծերունական կնճիռները, ուզում է, որ ինքն ապրի մինչև իր եղբոր`մեծանուն Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որպեսզի տեսնի, թե ինչպես են մեծարում ժողովրդի սիրելի բանաստեղծին: Իսկ նա արժանի է շատ ավելի երկար կյանքի:

Blogroll

About