среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 16

Posted by Unknown On 16:50

                                           Իսկ ես դեռ հավատում եմ…

Այստեղ Ամանորին հրաշքներ չեն լինում: Այստեղ Ամանորին հոգնածություն ու մտահոգություն է լինում, հատկապես` վառ արտահայտված կանանց ու աղջիկների դեմքերին: Այնինչ պետք է լիներ ժպիտ, անհոգություն: Նրանք այդ օրը նույնիսկ ժամանակ չեն ունենում իրենց արտաքինը կարգի բերելու, հարդարվելու, որովհետև մինչև վերջին րոպեն` 24:00-ն զբաղված են լինում սեղան պատրաստելով: Նրանք ողջ կյանքի ընթացքում ոչ մի Ամանորի երբևէ չեն վայելել այդ տոնը: Գյուղի կենցաղային աշխատանքները այստեղ օրվա 24 ժամերի ընթացքում չեն վերջանում, և կինը մնում է կենցաղին գամված ու շաղկապված` դառնալով դրա անբաժանելի մասը (ինչպես լվացքի մեքենա կամ արդուկ): Այստեղ, որ գազաֆիկացում ու համապատասխան ջեռուցում չկա, մարդիկ իրենց բնակարանները տաքացնում են աթարով ու փայտով: Իսկ այդ պայմաններում ի՞նչ կատարյալ կենցաղի կամ վերջ ունեցող տնային մաքրության աշխատանքների մասին կարող է լինել խոսքը: Նրանք երբևէ չեն գնացել որևէ համերգ, թատրոն կամ կինո դիտելու:Էլ չեմ խոսում մշակութային կամ ժամանցի մյուս վայրերից: Նրանք նույնիսկ չեն կարող բացակայել իրենց բնակավայրից`գյուղից, որովհետև <<տունը, դուռը, հողամասը, այգին, գոմը անտեր չեն կարող թողնել>>. այդ ամբողջ կեցաղային հոգսը նրանց ուսերին էծանրացած: Այդ կերպ ծանրացած է ոչ միայն գենդերային, այլև իգական սեռի ներկայացուցիչների շրջանակներում նրանց ակնհայտորեն անհավասար կարգավիճակը: Նրանք երբևէ չեն էլ կարող երազել սեփական մեքենա ունենալու կամ վարելու մասին: Իսկ այ մեքենայի փոխարեն նրանք ամեն օր գոմում բռնում են կովերի պտուկները և կթում
Ու կարևոր չէ` գյուղում բնակվող այդ կանայք ունևո՞ր են, միջին բարեկեցության տե՞ր, թե՞ չքավոր, որովհետև այստեղ բնակվող յուրաքանչյուր կին իր ընտանիքին կաթնամթերքով ապահովելու համար պարտավոր է կով կթել: Սպա կենտրոնների ու գեղեցկության սրահների մասին նրանցից շատերը երևի պատկերացում էլ չունեն, բայց այ նրանց կողմից մշակվող հողերի փոշին միակ <<դիմահարդարման>> միջոցն է, որ մշտապես նրանք կրում են գյուղատնտեսական այդ աշխատանքների ընթացքում: Իսկ արևի ճառագայթների տակ աշխատելը նրանց կյանքում միակ և անընդհատ կրկնվող արևայրուքն է, որը ոչ միայն լավ այրում ու սևացնում է նրանց մաշկը, այլև ցավից մրմուռ է տալիս ու մղկտացնում: Նրանց ձեռքերը քաղհանի ժամանակ կոշտանում ու ճաքճքում են այն աստիճան, որ ոչ մի խնամքի միջոց կամ մերսում չի կարող փափկացնել ու նրբացնել այդ ձեռքերը: Իսկ ընկույզի մուրաբա պատրաստելու սեզոնին այդ մուրաբան պատրաստելը և ընկույզի բերքահավաքի ժամանակ ընկույզ կեղևահան անելը նրանց ձեռքերին հաղորդում են սևամորթի մաշկի գույն: Իսկ նրանք դրանով ոչ միայն իրենց ընտանիքին ապահովում են սննդով, այլև գումար են վաստակում ընտանիքի մյուս հոգսերը հոգալու համար:
Այդ ամենին ես ականատես եմ եղել և ոչ միայն
Երբ ֆիրմային կոսմետիկա էի վաճառում, գյուղի կանանցիցից մեկն ասաց.<<Օծանելիքն առնեմ, որ ի՞նչ անեմ: Ցանեմ վրաս ու գնամ գո՞մ: Ի՞նչ լավ տեղ եմ գնում: Ի՞նչ կար, որ միայն օծանելիքս պակասեր…>>:<<Ինձ ձեռքերը փափկացնող քսուկ շատ է անհրաժեշտ, բայց չեմ կարող գնել, որովհետև ամուսինս չի աշխատում, ես էլ հազիվ եմ իմ բանվորական աշխատանքով հասցնում հոգալ ընտանիքիս կարիքները>>,-անկեղծացավ մի ուրիշ երիտասարդ կին:
<<Ինձ համար էլ կուզենայի մի հատ օճառահեղուկ գնել, բայց ես արդեն ծեր եմ, օճառով մի կերպ յոլա կգնամ, ավելի լավ է այդ գումարով դստերս համար մի հատ մազակալ գնեմ>>,-ափսոսանքով օճառահեղուկը ձեռքից դրեց մի 35-ամյա կին:
Այստեղ նույնիսկ երազանքներն են բախվում կենցաղին ու փշրվում, եթե գոնե կարողանում ես երազել այս կոպիտ ու դաժան իրականության մեջ
Այստեղ նույնիսկ հնարավոր չէ գեղեցիկ ու նորաձև հագնվել: Նախ, որ այստեղի քարքարոտ ու ցեխոտ փողոցներում ոչ մի բաց գույնի կամ բարձրակրունկ կոշիկ չի դիմանա, իսկ թեթևակի կարճ կամ փոքր-ինչ բացվածքով հագուստն ուղղակի առիթ կդառնա բազմաթիվ խոսակցությունների, բամբասանքների, քննադատությունների ու սխալ եզրակացությունների:
Աղջկա, կնոջ համար սահմանված են այնպիսի նորմեր ու չգրված օրենքներ, որոնց ոչ միայն պահպանմանը խստաբարո հետևում է այստեղի ժողովուրդը, այլևԲնակվելով այստեղ`յուրաքանչյուր աղջիկ, հարս, կին ակամա դառնում է դրանց կրողն ու ինքն էլ փնովում, պարսավում է թեկուզ թյուրիմացաբար ազատամիտի տպավորություն թողած իգական սեռի ներկայացուցչին:
Այստեղ նույնիսկ գեղեցիկ հասկացություններն են հնչում տգեղ: Օրինակ` եթե մի աղջիկ համակրում է որևէ տղայի և ամուսնանում է նրա հետ, ապա այդ տղան դառնում է նրա <<մարդը>> ( և ոչ թե ամուսինը կամ երկրորդ կեսը ): Այստեղ ամեն ինչ բիրտ է, իսկ հանգամանքներն ու երևույթները քնքշանքից ու մեղմությունից զրկում են ոչ միայն կնոջ արտաքինը, այլև հաճախ ներքինը` հոգին: Բայց այստեղ գտնվում է իմ տունը` իմ հայրենի տունը, որտեղ բնակվում է իմ ընտանիքը: Այստեղ են նաև իմ հարազատները, ուստի այս գյուղն ինձ համար այնքա՜ն հարազատ է
Մայրաքաղաքում բարձրագույն կրթությունս ավարտելուց և որոշ ժամանակ այնտեղ իմ մասնագիտությամբ աշխատելուց հետո ես այստեղից աշխատանքի առաջարկ ստացա և վերադարձա: Չնայած որ այստեղ ես իմ մասնագիտությամբ աշխատանք չունեմ, բայց գոնե ունեմ մտերիմներիս սերը և ամենօրյա ներկայությունը կողքիս: Սակայն, նաև տեսնում եմ եմ դառն իրականությունը և ապրումակցում եմ` ինքս հաճախ հայտնվելով նույն հոգեվիճակում, ինչ հոգեվիճակում որ այստեղ լինում են շատ աղջիկներ ու կանայք: Այստեղ գալով` ես հասկանում էի, որ <<փակվելու>> եմ այս լեռների մեջ, և ինձ աշխարհին կապող միակ <<պատուհանը>>, լինելու է համակարգչիս միացված համացանցը միայն: Ես բացում եմ այդ <<պատուհանը>> և ինչ որ տեղ կարոտում նաև… 
Բայց մոռանալ չեմ կարող, որ մայրաքաղաքում մարզերից գնացածների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի եմ ականատես եղել և ներքուստ վատ զգացել: Մեր կուրսում մարզից մի աղջիկ կար, ով ոչ թե գյուղից, այլ շրջանային քաղաքից էր: Այդ կուրսընկերուհիս ոչ միայն տեսքով և հագուկապով, այլև առաջադիմությամբ ու պարտաճանաչությամբ չէր զիջում <<մեծ քաղաքի բնակիչներ>>-ին: Բայց մի օր բուհի մայրաքաղաքաբնակ տղաներից մեկը քմծիծաղով նրան հեգնել էր.<<Ե՞րբ ես ձեր գյուղից կաթ, մածուն բերում>>:
Շուտով մայրաքաղաքում հանդիսավոր կերպով կվառվեն Հանրապետության Հրապարակի եղևնու լույսերը: Կլինի շքեղ համերգ, տոնակատարություն: Կարելի է ասել` իրական մի հրաշք: Իսկ այստեղ հրաշքներ չեն լինում, որովհետև սա գյուղ է
Այստեղ սև ու սպիտակ իրականությունն է, որը կանայք, ճակատագրին հակառակ, փորձում են գունավորել ոչ միայն իրենց` տնտեսուհու հմտություններով ու հյուրասիրությամբ, այլև աշխատանքով
Մասնագիտությանս բերումով ես նախկինում եղել եմ մեր երկրի տարբեր մարզերի տարբեր գյուղերում և տեսել նույն սոցիալ-կենցաղային պայմաններն, ինչ որ այստեղ:Դեռ որոշ գյուղերում էլ ավելի վատթար իրավիճակ էր:
Իսկ ես դեռ հավատում եմ, որ ճակատագրին հակառակ այս կանայք մի օր էլ նույնիսկ <<հորիզոնում>> կստեղծեն…<<ծիածանը>>`անձրևից հետո:Դե ծիածանն արդեն հրաշք <<կամուրջ>> ու երջանկություն է:

Իսկ ես դեռ հավատում եմհրաշքներին:

Blogroll

About