понедельник, 10 февраля 2014 г.

COMPETITION - 5

Posted by Unknown On 09:07
                               Դա մեր ոգու հաղթանակն էր
Օրեր առաջ գնացի Սիսիանի Երկրապահ կամավորական միություն, որպեսզի անդամագրվեմ: Հենց այնտեղ իմ ուշադրությունը գրավեց մի կին, ով ձմռան այս ցրտին դեղաբույսերով պատրաստված բուժական միջոց էր տալիս արցախյան պատերազմի մասնակիցներից և Սիսիանի ԵԿՄ անդամներից մեկին: Ներկայացողներին գրանցվել օգնում էր հենց այդ կինը`արցախյան ազատամարտի մասնակից Մարիետա Խաչատրյանը: Մոռանալով այնտեղ գնալու իմ դրդապատճառը` ցանկացա զրուցել այդ կնոջ հետ, ում հանդեպ ակամա լցվեցի ակնածանքով: Պարզվեց, որ նա պայքարին մասնակցել է հենց առաջին օրերից.<<Ես ակտիվ մասնակից եմ եղել միտինգներին և ցույցերին: Անգամ գործադուլների պատճառով ինձ հեռացրել են աշխատանքից: Աշխատում էի Դաստակերտի բուժ. տեխնիկայի գործարանում: Ես տնօրենին դատի տվեցի` վերականգնվելու համար: Այդ ժամանակ էլ հասկացա, որ դատավոր-դատախազները միայն <<վերևների>> համար են աշխատում: Դատը տնօրենի օգտին եղավ, բայց ես գործարանի խորհրդի անդամ էի, ու չէին կարող ինձ հեռացնել: Ես սկսեցի ցուցերից և շարունակեցի ազատագրական պայքարին մասնակցելով: Ես որոշեցի և գնացի. հայրենիքը պետք է մեծարես ոչ միայն խոսքով, այլև գործով: Ես անձամբ մասնակցել եմ Քարավաճառ, Զանգելան, Կուբաթլու տարածքների ազատագրմանը, Լաչինի և Ֆիզուլիի պաշտպանական մարտերին>>: Լինելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչ` ինքն ավտոմատին լավ տիրապետել է. << Մինչև պատերազմն էլ սիրում էի հրաձգարանում կրակել: Մորաքրոջս դուստրը մի անգամ ինձ տարավ հրաձգարան և, տեսնելով, որ ես իրենից լավ եմ կրակում, էլ չտարավ: Ազատամարտի ժամանակ ես սովորական զինվոր էի: Մարտադաշտ էի մեկնում` տեղավորվելով մեքենայի թափքում. պարզապես չէի ուզում ոչ ոքից տարբերվել, որովհետև ես այդ տղաներին մեծարում էի և ուզում էի լինել նրանց կողքին: Ես միշտ ասում եմ` զինվորը հաղթում է մահին: <<Ալեքսանդր Մակեդոնացի>> ֆիլմում Մակեդոնացին ասում է.<<Պետք է հաղթել վախին>>: Զինվորը ոչ միայն վախին , այլև մահին է հաղթում. դա իմ տեսակետն է>>: Մարիետա Խաչատրյանը համեստորեն խոնարհվում է ազատամարտի ժամանակ որդի կորցրած մայրերի առաջ.<< Ես պետք է գնայի. որոշել էի ու գնացի: Բայց ես շատ ավելի մեծարում եմ այն կանանց, որոնց որդիներն են մասնակցել ազատամարտին: Կարևորում եմ այն կանանց մասնակցությունը, ովքեր իրենց զավակներին ուղարկում էին մարտի դաշտ և լուռ սպասում. դժվար է պատկերացնել, թե դա ինչ տանջալի հոգեվիճակ է: Այդ լռությունը, այդ սպասումն ահավոր է, երբ մայրը չգիտի, թե իր որդին, իր զավակն այնտեղ ինչ վտանգի մեջ է, բայց իրատեսորեն պատկերացնում է այդ վտանգը: Եվ ես գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, որոնց զավակները զենք են վերցրել, կռվել, առավել ևս` զոհվել>>: Զրուցակիցս, հիշելով իր երիտասարդությունը, ժպտում է և ասում.<< Ես շատ եմ ուզում, որ երիտասարդները սիրեն մեր հայրենիքը, որովհետև այլ կերպ մենք կկործանվենք: Եվ մարդը պետք է զգա, որ դա իր հայրենիքն է`անկախ հասարակության մեջ տեղ գտած արատավոր երևույթներից: Ես ուզում եմ, որ երիտասարդն անպայման պայքարի իր իրավունքների համար: Եթե մարդը չի պայքարում իր իրավունքների համար, ապա ինքը դառնում է ընդամենը ստրուկ: Մեր Գարեգին Նժդեհը մի շատ գեղեցիկ խոսք ունի.<<Վատ է, երբ մարդն ազատ է, բայց ստրուկ է>>: Եվ էլի մի շատ լավ խոսք ունի.<<Ոչ ոք չի կարող ոչնչացնել ազգին, եթե ազգն ինքնասպանությամբ չոչնչանա>>>>: Այս ոչ միայն հոգով գեղեցիկ և ուժեղ կնոջ խորին համոզմամբ արցախյան ազատամարտում հաղթանակել է մեր դաստիարակությունը.<<Գոյություն ուներ սովետական դպրոց, որտեղ մարդկային որակներ էին դաստիարակում: Ես այդ մասին ամեն առիթով ասում եմ: Դա մեր ոգու հաղթանակն էր, որը սովետական դաստիարակության արդյունք էր, իսկ այսօր երիտասարդը հեռուստատեսությունից, դրսում, ամենուր ի՞նչ դաստիարակություն է ստանում: Այսօր չար մարդուն ո՞վ է ասում`չար: Չարությունը սովորական հատկանիշ է դարձել: Միայն հայրենիքը չէ, այլ ընկեր, հարևան, բարեկամ.այ այսքանը սիրողը կդառնա հայրենապաշտ: Ամենակարևորը, որ մարդը պետք է գնահատի և սիրի այն, ինչ ունի` սկսած հարազատից, մերձավորից և վերջացրած հայրենիքից: Հիմա կորել է սերը հայրենիքի, դրկիցի, քաղաքացու նկատմամբ, ու դա ամենաահավորն է, քանի որ մարդը դառնում է անտարբեր: Իսկ այդ անտարբերությունը ծնվում է նրանից, երբ իրենցը չեն համարում, չեն սիրում: Նշանակում է` մտածում են, որ դա իրենցը չէ, այսինքն, աթոռներին նստած են այնպիսի մարդիկ, որոնց համար ժողովրդի ձայնը ոչինչ է>>: Տիկին Մարիետան մտաբերում, փաստում և համեմատում է.<<<<Սիսական>> ջոկատը բավականին գեղեցիկ հաղթանակներ է տարել; Մեր շարքերում եղել են 22-23 տարեկան երիտասարդներ. որ հիմա <<ետ եմ նայում>>, մտածում եմ, թե ինչքա՜ն ջահել են եղել: Այն ժամանակ ուրիշ որակի երիտասարդներ էին: Մոմի լույսի տակ հերթապահում էինք, և այդտեղ է, որ հայրենասիրական երգեր էին ծնվում: Այնքան շատ հայրենասիրություն կար մեջներս: Ցավոք`գալիս են նոր արժեքներ. մեքենա, տուն, իշխանություն, իսկ երիտասարդների համար գեղեցիկ արժեքները կորցնում են իրենց իմաստը>>: <<Մեր հիմնական զոհերը ֆիզուլիում են եղել որովհետև այնտեղ պաշտպանական մարտեր էին: Մենք գտնվում էինք խրամատներում, և թշնամու ուժերն աշխատում էին մեզ վրա, իսկ մենք ոչինչ չունեինք` հակահարված տալու: Ֆիզուլիում պաշտպանական մարտեր էին, ու ամեն օրը զոհերով էր լի: 1994 թվականի հունվարի 26-ին Ֆիզուլի-Հորադիս մարտական գծի պաշտպանությունն էր: Ազերիներն ուզում էին ետ վերցնել իրենց նահանջած տեղերի հողերից: Դիմացից 11 տանկեր էին գալիս, իսկ վերևում մարտական ուղղաթիռներն էին պտտվում, բայց մեր տղաները հետ շպրտեցին թշնամուն: Դա պաշտպանական դիրքային մարտ էր, իրենք գալիս էին այդ դիրքը վերցնելու, բայց մերոնք ետ շպրտեցին` ոչինչ չունենալով իրենց ձեռքին>>,- պատմում է Մարիետա Խաչատրյանը: Կին ազատամարտիկը կարծում է, որ իրականում աղջիկներն էլ պետք է անցնեն զինվորական ծառայության, թեկուզ, որ օրվա մեջ մի քանի ժամ լինեն մոտակա զորամասում, իսկ հետո գիշերեն իրենց տներում.<<Մայրս միշտ ինձ ոգևորել է: Միայն մի անգամ եկավ ինձ ճանապարհելու մարտադաշտ: Քարավաճառի ազատագրմանն էի գնում: Բայց ես այլևս թույլ չտվեցի: Եթե մարդն ունի սկզբունքներ, ապա իմանալով նրան` չեն ընդդիմանում: Թևանցուկ արեցի մորս, տարա ճանապահեցի մինչև տուն և ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու: Մերոնք չէին գնում զոհվելու, մերոնք գնում էին հաղթելու: Սիսիանցի ազատամարտիկները միշտ գնում էին միայն հաղթելու: Ես չէի տեսնում նրանց աչքերում ոչ մի վախ: Քարավաճառի ազատագրման օրն ինձ ուղարկեցին տուն: Մեր հրամանատարը, ինձ թվում է, որ դրանով ինձ հետ պահեց, որովհետև արդեն զոհեր ունեինք`Վուրգը և էլի մի քանի հոգի: Հրամանատարը պատճառաբանեց, որ պետք է գնամ և զոհված տղաների փաստաթղթերը տանեմ սոց. պաշտպանության վարչություն>>: Նրանց տարած հաղթանակի բերկրանքը մենք ենք զգացել ու վայելել, իսկ իրենք զգացել ու հաղթահարել են դեպի հաղթանակ տանող դժվարությունները. <<1993 թվականի օգոստոսին Գյուլիբերդի գրավումից հետո մենք այնքա՜ն հոգնած էինք, որ այդ ուրախությունը չէինք ապրում: Օգոստոսի վերջն էր` ամենատաք ժամանակը, իսկ մենք սոված-ծարավ, լեզուներս կախ բարձրացել էինք բլուրները: Այդ թփերը պատառոտում էին մեր շորերը, ծվեն-ծվեն էին անում: Եվ քայլում էինք ծարավ, հոգնած: Լանջը վառել էին, ու այն ամբողջությամբ մուր էր, իսկ մենք` մրի մեջ կորած: Ու մենք այդ վիճակում Գյուլիբերդ էինք գրավում և անգամ ուրախությունից թռչկոտել չէինք կարող: Իսկ դրանից հետո պիտի այդ բարձունքն իջնեինք: Մթնշաղ էր, իսկ մենք տեղանքին ծանոթ չէինք: …Երևի ուրախության մեծ շքերթ է եղել Քարավաճառում, որը, ցավոք, ես չեմ տեսել>>:

Blogroll

About