среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 10

Posted by Unknown On 16:28

                                   Երբ կորցնում ես գիտակցության աչքերդ…

Կրկին ժամանեց ձմեռը… Եվ այսպիսի քանի ձմեռներ են եկել ու գնացել, բայց իր կյանքում բացարձակ ոչինչ չի փոխվել.  նույն ցուրտ ձմեռն է տարվա բոլոր եղանակներին: Հարց է առաջանում ինչո՞ւ: Ո՞վ է կառուցել սառցե ապարանք և ինչի՞ համար, իսկ այն կոտրելուց հետո ինչո՞ւ և ինչպե՞ս են դեռ շարունակում գոյատևել սառցե բեկորները… Հարցեր, որոնց պատասխանելու համար պետք է սկսել ամենասկզբից:
Տասնութ տարի առաջ Երևանի հոգեբուժարաններից մեկում (անունը չեմ նշում որոշ հանգամանքներից ելնելով ), որպես բույժքույր աշխատում էր Գայանեն: Մեկ տարի չանցած նա սիրահարվելով իր հիվանդներից մեկին՝ փախչում է նրա հետ:
Այս քայլից հետո լինելով մերժված իր իսկ սեփական ընտանիքի կողմից՝ նա օրինականացնում է իր միությունը՝ վստահ լինելով, որ վայելելու է  ամուսնացած ու սիրված  կնոջ երջանիկ կյանքը, բայց…
Օրեր, որոնք հաջորդում էին միմյանց ծեծ ու ջարդով, օրերով սենյակում փակված լինելով առանց հացի ու ջրի, նույնիսկ կերակուրի չափաբաժինն էր հաշված՝ ավել ուտելու դեպքում սկսվում էր մի նոր պատմություն (արցունքներով հիշում է հերոսուհին )…
Եվ ի՞նչ է սա, եթե ոչ բռնություն, բայց ի՞նչ անել, ո՞ւմ դիմել, ախր << գժին դատ չի հասնում >>  արտահայտությունը ծանոթ է բոլորին: Նա, կարծես թե, արդեն համակերպվել էր իր մաշկի տեղ-տեղ կապույտ գույնին, դանակի ու եղունգների հետքերին:
Եվ ահա այսպիսի պայմաններում նա լույս աշխարհ է բերում իր միակ որդուն՝ Մովսեսին: Երեխա, ով ծնվում է ունենալով հայր և մայր, բայց ճակատագրի դառնությունը շուրթերին. որն էլ գուցե դառնալու է իր ծանր ու լքված կյանքի միակ պատճառը:
Երեխայի մեկ տարին նոր էր լրացել, երբ ամեն ինչից հոգնած վերցնելով երեխային՝ գալիս է հայրական տուն ու խնդրում ապաստան:
Տունը երկու սենյակ էր, որտեղ բնակվում էին հայրը, մայրը և եղբայրը՝ կնոջ ու երկու երեխաների հետ: Թեև բոլոր անհարմարություններին ու դժվարություններին ընտանիքը նրան ընդունեց:
Անցան տարիներ: Գայանեն ամուսնացավ երկրորդ անգամ: Թվում էր, թե այս անգամ նրա կատարած ընտրությունը ճիշտ էր, բայց…
Ճիշտ ժամանակն է հիշելու, թե ինչ է բռնությունը, մի՞թե բռնություն են միայն ծեծն ու ջարդը, վիրավորանքն ու հայհոյանքը: Իհարկե ո՛չ, կան բռնության տարբեր տեսակներ, որոնցից անտեղյակ, սիրուն զոհ գնալով, շարունակում է իր ծանր կյանքով ապրել մեր հերոսուհին:
Նրա ներկայիս ամուսինը օդաչու է, ով չի աշխատում, ունի նաև չամուսնացած տեգր, վերջինս էլ, հետևելով եղբոր օրինակին, նույնպես չի աշխատում, տանը կա նաև չաշխատող սկեսուր:
Տան միակ աշխատող ձեռքը ինքն է՝ Գայանեն: Զուգարաններ և խանութներ մաքրելով է վաստակում  օրվա հացն և ամուսնու (նաև տեգրոջ ու սեկսուրի, քանզի նրանք էլ են ծխում) ծխախոտի գումարը: Ամեն օր ամուսինը ստուգում և վերցնում է եղած գումարն ու ճակատն համբուրում: Իսկ նա մոռանալով որդու մասին  հոգում է միայն ամուսնու և սկեսուրի պահանջները: Հարցի մեկ այլ կողմն է որդին՝ Մովսեսը, ով այս կյանքում հասցրել է տեսել շատ բան, ամեն վայրկյան զգալ մոր կոպիտ վերաբերմունքը: Այժմ մեծ է, մայրը չի ծեծում, բայց առաջ…Շարունակելն ավելորդ է: Ո՞վ է պատասխանատու այս երեխայի  ծանր անցյալի, հոգեկան վիճակի և խեղաթյուրված ապագայի համար, իհարկե մայրը: Ինչպե՞ս  կարող է ֆիզիկական բռնությունից մազապուրծ եղած, անգիտակցաբար սոցիալական բռնության զոհ դարձած՝ մայրը հոգ տանել որդու մասին:
Իսկ ինչո՞ւ է շարունակում ապրել զոհի կարգավիճակով: Պատճառը անտեղյակ լինելն է, թե՞ ցանկության բացակայությունը… Եվ մի՞թե այսպիսի բռնությունը դադարում է բռնություն կոչվելուց միայն այն բանի համար, որ զոհը դա չի գիտակցում, իհարկե ո՛չ: Ուր մնացին մարդու և կնոջ իրավունքները, մայրական պարտականությունները: Մեր հայկական օրենքների նման՝ ինչ-որ տեղ սևով սպիտակի վրա գրվեց ու մոռացվեց:
Անկախ այն բանից գիտակցաբար թե անգիտակցաբար կդառնաս բռնության զոհ, միևնույն է դա բռնություն է: Եկե՛ք բոլոր զգացմունքերից վեր դասենք մարդկային անձի գործոնը, ու միշտ արթուն պահե՛նք մեր գիտակցությունը, քանզի մենք ենք պատասխանատու մեր կյանքի ու հաջորդ սերնդի ապագայի համար:

Blogroll

About