понедельник, 3 марта 2014 г.

COMPETITION - 40

Posted by Unknown On 13:26
Երիտասարդ պարուհին` նաև ակտիվիստ, ալպինիստ ու հանրային լրագրող -Մի փոքր կպատմե՞ս քո մասին: -20 տարեկան եմ, մասնագիտությամբ բալետմայստեր եմ, այս տարի ավարտել եմ թատերական ինստիտուտի «Պարարվեստ և ռեժիսուրա» բաժինը: Աշխատում եմ «Հորովել» երգի-պարի անսամբլում` որպես պարուհի և «Գայաննա» մարզամշակութային կենտրոնում` որպես պարուսույց: Ազատ ժամանակ զբաղվում եմ լեռնագնացությամբ, հետաքրքրվում եմ հանրային լրագրությամբ ու ինչպես իմ մասին են ասում` ակտիվիստ եմ: -Ի՞նչ է տալիս այդ ակտիվությունը: -Հայաստանում «ակտիվիստ» բառը շատ է շահարկվում, դա ավելի շատ կապում են ցույցեր կազմակերպելու հետ, բայց իմ համար ակտիվ լինելը ոչ միայն դա է, այլ նաև այն, որ ոչ թե միայն պահանջենք, այլ որպես ակտիվ երիտասարդներ փորձենք ինքներս էլ ինչ-որ լավ բան անել: -Վերջերս քո նախաձեռնությամբ քաղաքի երիտասարդները մաքրեցին բոլորիս սիրելի Թթու ջրի տարածքը, քաղաքի մի անկյունում գունավորեցիք փչացած ավտոբուսն` այն վերածելով էկոբասի: Դժվա՞ր է համախմբել երիտասարդներին: -Եթե քաղաքական թեմա է, մարդիկ ավելի արագ են հավաքվում, իսկ եթե հասարակական գործունեության մասին է խոսքը, մի քիչ դժվար են գալիս: Վատն այն է, որ միշտ նույն մասսան է հավաքվում, նույն 40-50 հոգին: Երիտասարդներ էլ կան, որ մտածում են` եթե որևէ կուսակցության չես պատկանում, ուրեմն հանրապետականներին դեմ ես: Եվ կուսակցական շատ երիտասարդներ վախենում են գալ մասնակցել այն ակցիաներին ու հանդիպումներին, որ ես եմ կազմակերպում: Հայաստանում դեռ չկա այն կուլտուրան, որ քաղաքացին կարող է քննադատել իր ընտրած պաշտոնյային: -Ի±նչ հետաքրքրություններ կան Վանաձորում երիտասարդների համար, ի՞նչն է պակասում: -Վանաձորում ժամանցի վայրեր քիչ կան: Իմ ժամանցի վայրն այս պահին էկոբասն է, որտեղ հավաքվում ենք, անցկացնում ենք կինոդիտումներ, սեմինարներ, քննարկումներ տարբեր թեմաների շուրջ, երբեմն նաև պարում ենք: Դա ինձ բավարարում է: Միակ խնդիրս այն է, որ աշխատանքս երեկոյան ուշ եմ վերջացնում ու երբ ընկերներով դուրս ենք գալիս զբոսնելու, շատերի հայացքներն ասում են. «էս ովքե՞ր են, ի՞նչ գործ ունեն էս ժամին դրսում…»: Կարծում եմ` երիտասարդներն իրենք պետք է իրենց համար զբաղմունք գտնեն: -Այսօր երիտասարդության առաջնային խնդիրը գործազրկությունն է: Ըստ քեզ` աշխատանք չկա՞, թե՞ երիտասադներն էլ են պասսիվ: -Երիտասարդն ավարտում է ինստիտուտն ու չգիտի` ինչ անի: Լեզվաբանն աշխատում է վաճառող, պարուհին` դերասան… Ամեն ինչ խառնվել է իրար: Փառք աստծո, իմ մոտ այդպես չի եղել, ես 8-րդ դասարանից աշխատում եմ: Բացի այդ` գործատուները միշտ աշխատանքային փորձ են պահանջում: Շրջանավարտին որտեղի՞ց աշխատանքային փորձ… Երիտասարդներին կարելի է բաժանել երկու մասի. մաս, որին բավարար է, որ ինստիտուտն ավարտի ու նստի տանը, ու մաս, որն անընդհատ պրպտումների մեջ է: Վերջիններից մի մասը փորձում է այստեղ գտնել իր փնտրածը, մյուս մասն էլ դա փորձում է անել արտերկրում: Ինքս դրսում պարուհու կարիերան շարունակելու շատ հնարավորություններ եմ ունեցել, բայց դա չեմ ընդունում, միշտ մտածել եմ` եթե բոլորս գնանք, ո՞ւմ ենք թողնելու մեր երկիրը: -Պարուհի, ալպինիստ, ակտիվիստ, հանրային լրագրող… Ինչպե՞ս ես համատեղում: -Դերասան Սերգեյ Բադրովին միշտ սիրել եմ, ու երբ ֆիլմերի նկարահանումների ժամանակ նա կորավ, ես որոշեցի, որ պետք է գնամ գտնեմ Բադրովին: Հետո հասկացա, որ դա մանկական գիժ երազանք է: Մի օր ընկերներով գնում էինք Նորավանք, ճանապարհին հանդիպեցինք ալպինիստների: Մոտեցա, ասացի` խնդրում եմ, թողեք մագլցեմ, դա իմ երազանքն է: Մի կերպ համոզեցի, մագլցեցի ու այդ օրվանից ամեն ինչ սկսվեց: Արդեն 3-4 տարի է զբաղվում եմ ալպինիզմով: Ակտիվիստների հետ հերթական հանդիպման ժամանակ իմացա, որ mynews.am կայք կա, որտեղ ակտիվ երիտասարդները բարձրաձայնում են իրենց քաղաքի խնդիրները: Ու մտածեցի` բա մեր քաղաքի մասին գրող չլինի՞: Այդպես սկսեցի թղթակցել: Դե, իսկ պարել սկսել եմ 5 տարեկանից: -Ակտիվիստ աղջիկներին մեզ մոտ, կարծես, այնքան էլ չեն ընդունում: -Մի անգամ եմ առնչվել նման խնդրի հետ. ակցիա էինք կազմակերպել Թեղուտի հանքի հետ կապված, մի ոստիկան եկավ, վիճում էր, հետո էլ թե` հայ աղջիկը ո՞նց կարա ակտիվիստ լինի, գրագետ աղջիկ ես, գնա ամուսնացի: Հետո մտածեցի ու հասկացա, որ դա երևի նրանից է գալիս, որ հնում հայ կինն ընդհանրապես խոսքի իրավունք չի ունեցել, հնազանդ, ամեն ինչ խելոք լսել ու արել է: Տղամարդկանց համար դժվար է ընդունել, որ կինը կարող է բարձրաձայնել իր կարծիքը: -Ո՞րն ես համարում կյանքիդ 20 տարիների ձեռքբերումը: -Այն ամենը, ինչ ես ունում, կարծում եմ` բավականին մեծ ձեռքբերում է: Ունեմ լավ աշխատանք, լավ ընտանիք, շատ լավ ընկերներ, հետաքրքիր զբաղմունք: Իմ կյանքն ամեն ինչով բավարարում է: Ես միշտ պատկերացնում եմ, որ գորշ իրականության մեջ ես լույս եմ սփռելու շուրջս… -Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդներին, ինչպե՞ս հաջողության հասնել: -Խորհուրդ եմ տալիս, որ ամեն մեկը փորձի գտնել այն, ինչն իրենն է, ինչի համար ինքը ծնվել է: Շատ հաճախ գնում են մի ճանապարհով ու զգում, որ դա իրենցը չի, բայց վախենում են ետ դառնալ, մտածում են` բա մարդիկ ի՞նչ կասեն: Միշտ էլ կարող եք շրջվել ու գնալ ձեզ հոգեհարազատ ճանապարհով, որպեսզի հետագայում ձեզ երջանիկ ու բավարարված զգաք, ինչպես ես:

Blogroll

About