суббота, 1 марта 2014 г.

COMPETITION - 33

Posted by Unknown On 07:12
Առողջապահական ծառայություններ. բոլո՞ր կանանց համար
pregnant-belly-doctor_300Հաշմանդամություն ունեցող կանանց համար ամենակարևոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ առողջապահական ծառայությունների անմատչելիությունը:
Տարեցտարի հայաստանյան կլինիկաները և հիվանդանոցները համալրվում են արդիական սարքավորումներով, նոր ծրագրերով, որոնք սակայն հատուկ ուշադրություն չեն դարձնում հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական և սեռական առողջության պահպանմանը:
Զրուցակիցս Նելլի Չարչյանն է, սայլակով է տեղաշարժվում: Նա շուտով մայրանալու է և անցել է տարբեր ստուգումներ և հետազոտություններ: Նրա հղիությունը վերահսկող բժիշկն աշխատում է «Արմենիա» հանրապետական ծննդատանը: Նելլին նշում է, որ հիվանդանոցի ընդունարանի մուտքը հարմարեցված է, թեքահարթակով կարողանում է ինքնուրույն սայլակով բարձրանալ, շենքում վերելակ կա: Սակայն կանանց կոնսուլտացիայի մասնաշենք մտնելն անհնար է: Այնպիսի թեքահարթակ է կառուցված, որ միայն ուրիշի օգնությամբ կարող է շենք մտնել: Հիվանդանոցի ընդունարանից էլ կարող է կոնսուլտացիայի բաժին անցնել, սակայն ամեն ինչ շատ խառն է կառուցված. նախ պետք է մեկ հարկ բարձրանալ, հետո իջնել: «Անգամ բժշկուհիս էր վրդովում, թե ինչու են այդքան անհարմարավետ կառուցել շենքը, ես էլ ասում էի, դե, բժշկուհի՛ ջան, ամեն անգամ հաշմանդամություն ունեցող հղի կին չեք տեսնի»,- ժպիտով հավելում է զրուցակիցս:
Շենքում տեղաշարժվելու խնդիրներից զատ կա հիվանդասենյակների հարմարեցվածության խնդիր: Նելլին տեսել է հիվանդասենյակները, որտեղ պետք է մնա ծննդաբերությունից հետո: Նշում է, որ կան մի քանի մարդու և մեկ մարդու համար նախատեսված հիվանդասենյակներ, որոնք հատուկ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող կանանց համար: Միակ բանը, որ Նելլին որակեց որպես հարմարավետ, դռների լայնությունն է, ասում է, որ կարողանում է սայլակով սենյակ մտնել: Սանհանգույցը նույնպես հարմարեցված չէ, չկան բռնակներ, սակայն մեկ մարդու համար նախատեսված հիվանդասենյակում կարողանում է գոնե սայլակը սանհանգույցում տեղավորել: Նա նշում է, որ այնքան է ստիպված եղել օգտվել չհարմարեցված սանհանգույցներից, որ արդեն սովորել է:
Շենքային պայմաններից բացի խնդիր է նաև որոշ բուժաշխատողների տեղեկացվածության պակասը, կարծրատիպերը և սխալ վերաբերմունքը, յուրահատուկ առողջապահական ծառայություններ մատուցելու կարողության պակասը:
Հիվանդանոցները պարբերաբար ներառվում են տարբեր ծրագրերի մեջ, որոնք սակայն հատուկ ուշադրություն չեն դարձնում հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական և սեռական առողջությանը: Տարբեր խնդիրներ ունեցող կանայք չեն կարողանում այցելել իրենց բնակության վայրին մոտ գտնվող բուժհաստատություններ և պատշաճ ծառայություններ և վերաբերմունք ստանալ: Նրանք դուրս են մնում այն ծրագրերից, որոնք նախատեսված են մյուս կանանց համար:
Ընդ որում, կարևոր է, որ ծառայություններն ու պայմանները հարմարեցված լինեն ոչ միայն տեղաշարժման, այլ նաև տեսողության, լսողության և այլ խնդիրներ ունեցող կանանց համար: Օրինակ՝ ամենասովորական բժշկական կանխարգելիչ տեղեկատվությունը, որը կարող եք տեսնել յուրաքանչյուր հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի պատերին, հասանելի չեն տեսողության խնդիր ունեցող կանանց համար, հիվանդանոցներում չեք գտնի սուրդոթարգմանիչներ, հետևաբար, լսողության խնդիր ունեցող կանայք ևս չեն կարողանում լիարժեք օգտվել առողջապահական ծառայություններից առանց որևէ մեկի ուղեկցության: Իսկ երրորդ, թեկուզև մտերիմ մարդու ներկայությունն ու մասնակցությունը առողջապահական ծառայություններ ստանալիս բժշկական էթիկայի խախտում է:

Blogroll

About