суббота, 1 марта 2014 г.

COMPETITION - 38

Posted by Unknown On 07:20
Բռնության միևնույն սցենարը մեզնից հարյուր տարի առաջ և այսօր՝ մեզնից հարյուր մետր այն կողմ

Մի օր, մեր Վանաձորի տան գրադարանի բազմաթիվ գրքերից, պատմվածքների մի ժողովածու ընկավ ձեռքս: Բացեցի ցանկը, հեղինակների անունների վրայով մտովի սահելով՝ կանգ առա Նար-Դոսի անվան վրա. նրա «Ես և նա» պատմվածքը մի քանի ամիս առաջ էի ընթերցել, որի «Նա» հատվածը դեռահաս աղջնակի խանդավառությամբ էր լցրել սիրտս: Գրքում հեղինակից մի քանի պատմվածք էր ներառված, որոնցից մեկը՝ «Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» չարագուշակ վերտառությամբ …
- Առանց ինձ չայ էլ ես խմում, հա՞... Այ քեզ... տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր դառնաս դու... ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ... շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու փուչ ես անում, քոռանաս ու փչանաս դու... ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ...
Ու Գիժ Հեղնարի սուր եղունգները դանակի պես ակոսում էին հարսի՝ Անանի վտիտ մարմինը … Ահա՛ թե ինչ եղավ:
Որոշ ժամանակ անց, վանաձորյան մռայլ օրերից մի օր, տատիկիս հետ  խոհանոցում թեյ էի խմում, երբ դուռն ուժգին բախեցին:  Առանց հապաղելու բացեցի՝ հարևանի հարսն էր. ծեծված, մազերը գզգզված, արցունքն  աչքերին ներս մտավ: Պարզվեց սկեսրոջ ձեռքի գործն էր՝ հետևյալ փաստարկմամբ. «Ա՛յ փնթի, էդ ինչքա՞ն սապոն էս ծախսըմ դու»:
Վայրկյան չանցած Գիժ Հեղնարն ու Անանն աչքերիս առաջ եկան. սիրտս ճմլվեց ու հատկապես այն պատճառով, որ Նար-Դոսը նրանց մասին գրել էր 19-րդ դարի վերջին, մինչդեռ 21-րդ դարում, մեր տնից մի քանի մետր այն կողմ, հարևանիս ընտանիքն ապրում էր գրեթե նույն սցենարով. աղքատություն, հեզ հարս, պարբերաբար  ծեծ, սկեսրոջ բերանից անընդհատ թափվող հայհոյանքներ, անեծքներ, վիրավորանք ու այդ «մգլոտ» միջավայրում աչք բացած ու հասակ առնող երեխա:
Այս երկու պատմությունների մեջ, սակայն, մի «արժանահիշատակ» տարբերություն կար. Անանի ամուսին Յագորը բիրտ ու բթամիտ էր, իսկ մեր հարևանի որդին՝ թուլամորթ ու խելոք՝ բառի բարբառային իմաստով:
Յագորը, որպես մոր տված ծեծի «վերջին արար», բռունցքի մի հարվածով սպանեց կնոջը, իսկ նախնական քննության ժամանակ դատական քննիչի հարցուփորձին պատասխանելով՝ ասաց.
-Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՛մ արել:
Մեր հարևանի որդին էլ մոր կողմից կնոջը ծեծելու ու վիրավորելու վերաբերյալ ասաց.
-Դե մերս ա, ի՞նչ անեմ...
Այդ պահին այնպես էի ուզում դեմքին շպրտել. «Դե նա էլ կինդ է՝ կյանքիդ ամենակարևոր ընտրությունը և վերջիվերջո՝ երեխաներիդ մայրը: Ի՞նչ պիտի անես՝ պաշտպանի՛ր: Դա գիտակցություն էլ չէ, այլ՝ տղամարդկային տարրական բնազդ»:
Թեպետ, պիտի շեշտեմ, որ կինն իր կրավորականությամբ  ամուսնուն չէր զիջում.
           -Ախր Աշոտը խելոք ա, լավն ա: Աշոտի խաթեր եմ մնում էդ տանը,- ասում էր նա:
Իսկ նրա դեմքին ինչպես էի ուզում շպրտել. «Ախր կինը պետք է ուժեղ ամուսին ընտրի, ոչ թե խելոք: Դա գիտակցություն էլ չէ, այլ՝ կանացի տարրական բնազդ»: Այստեղ Գարեգին Նժդեհի տողերի՝ իմ անհատականացրած տարբերակը պիտի հիշատակեմ. «Յուրաքանչյուր մարդ այնտեղ է, որտեղ նա հասել է իր բարոյական ուժերի մղումով»: Այդ երկու մարդիկ իրենց բարոյական ուժերի մղումով միմյանց կողքին էին հայտնվել և միմյանց արժանի էին ... Ինձ համար սա է ցավի «օջախը», այլ ոչ թե կնոջ նկատմամբ բռնությունը: Ողբալին ոչ այնքան տվյալ պահին ծեծի պատճառած ֆիզիկական ցավն է կամ վիրավորանքի խեղդուքն, այլ այն, որ սկեսուրը թերևս սեփական մանկության ու հասուն կյանքի դառնությունից է չարակամ դարձել, բթամիտ Յագոր կամ թուլամորթ Աշոտ մեծացրել, նրա խեղճ ու կրակ հարսն էլ պոտենցիալ չարակամ սկեսուր է՝ ապագա բթամիտ Յագոր, թուլամորթ Աշոտ կամ էլ իր պես խեղճ ու կրակ հարս մեծացնող կին: Ողբալին մեր հասարակությունը բոլորող այս շղթան է, որը Նար Դոսից մեկ դար անց դեռ չենք կարողացել կոտրել...


Հ.Գ. Այսօր հրամայական է կնոջ իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը և առհասարակ համընդգրկուն և գործուն իրավական դաշտի ստեղծումը, բայց չպետք է մոռանանք, որ դա հասարակության կառուցվածքի մի բաղադրիչն է միայն, որը հենված է ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի, մշակութային, քաղաքակրթական որակների և հասարակության ընհանրական հոգեկերտվածքի վրա, որոնց «ճեղքերից» էլ ի վերջո ծիլ է տալիս յուրաքանչյուր մարդու ներքին չարությունն ու բռնությունն այլոց նկատմամբ: Ուստի պետք է ոչ միայն ջանանք պատժիչ օրենքներ ընդունել, այլ բռնության հասարակական պատճառները վերացնել՝ սկսելով ինքներս մեզնից՝ այն գիտակցությամբ, որ մենք ենք հասարակությունը: Եվ վերջապես պետք է բռնություն չգործադրենք ոչ թե նրա համար, որ օրենքն արգելում է, այլ որովհետև մեր ներքին բաոյական «ես»-ը դա թույլ չի տալիսԱյդպիսի՛ հասարակության կերտման կոչմամբ պիտի ապրենք

Blogroll

About