суббота, 1 марта 2014 г.

COMPETITION - 31

Posted by Unknown On 07:08

«Հլա մի տեղ էլ ասում են. խի՞ եք էդքան ունեցել, հավատացյալ ե՞ք»,- ասում է բազմազավակ մայրը

Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում, երկահարկանի տան առաջին հարկում վարձակալված երկու սենյակներում է բնակվում 36-ամյա Լուսինեի 7 անձից կազմված ընտանիքը: «Ձմեռը վիճակը ահավոր ա էղնում, պայմաններ չկան, զուգարան-բաղնիքը դրսում ա: Խոնավությունը մի կողմից, ցուրտը՝ մյուս: Ձմռանը մի պատը փուլ էր գալիս, քանի անգամ սարքել ենք: Դռան տակը ցրտից սառույց ա բռնում»,- տան պայմաններն է նկարագրում Լուսինեն:
5 երեխաների մոր օրը լի է հոգսերով: Ավագ որդին ավարտել է դպրոցը, դուստրը՝ Անին, սովորում է ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում, երկու որդիները՝ թիվ 9 դպրոցում: Փոքր տղան մեկուկես տարեկան է: Մեկ տարուց ավել է, ամուսինը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքի, եւ ընտանիքը հայտնվել է դժվար կացության մեջ: «Որ ստեղ ա եղել, ինչ էլ որ աշխատել ա, բերել ա: Ինքը լավ ա պահել մեզ, բայց հիմի գործերը լավ չեն: Շատ ուշ-ուշ է փող ուղարկում: Ասում եմ՝ վեր կաց արի, ասում ա՝ փող չունեմ, ո՞նց գամ: էդ էլ չգիտենք՝ կգա՞, չի՞ գա, ե՞րբ կգա: Նպաստով ենք յոլա գնում: 53.000 դրամ եմ ստանում: Տան վարձը, գազը, լույսը, ջուրը որ մուծում եմ, տակին շատ չնչին բան ա մնում»,- ասում է Լուսինեն:
Անին քոլեջից դուրս մնալու վտանգի առաջ է կանգնած: «Երկրորդ կուրս ա: Առաջին տարին 40.000-ը մուծեցի, 40.000-ը չկարողացա մուծեմ: Հիմա ուզում եմ դիմեմ մարզպետարան, որ օգնեն: Բայց անցած տարի էլ էի դիմում գրել, մարզպետարանից պատասխանել էին, որ չեն կարող օգնել»,- նշում է մայրը:
Թիվ 9 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Սերժին դպրոցում դասագիրք չեն տվել: Նրան չի փրկել նույնիսկ նախագահի անվանակից լինելը: «Դասղեկն ասաց «մինչեւ փողը չբերես՝ չեմ տալու»: Բոլորին տվել ա, բացի ինձից:  Ասացի՝ պապաս որ փողը ղրկի, կբերեմ, կտամ, ասավ՝ դե ուրեմն վաղը փողը կբերես, կտամ»,- պատմում է Սերժը:
«Գումարը չեմ կարում տամ, 7.200 դրամ ա: Տղուս դաժե վիրավորել էին դասարանի երեխեքից, դասի չէր գնում: Ասել էին՝ դու բոմժ ես, որ գրքերի փողը չես կարում տաս,- ասում է մայրը,- երեխեն էլ դրանից հետո չէր ուզում գնա դպրոց: Էլի ես համոզեցի, որ գնա»:
Այս հարցով Լուսինեն տնօրենին չի դիմել: Ասում է. «Ասի, հլա տեսնեմ ինչքան կարելի ա սենց շարունակել»: Սերժին ամեն օր իր գիրքն է տալիս մաթեմատիկայի ուսուցիչը, որպեսզի տղան կարողանա տնային աշխատանքները կատարել:
Ձմռանը ընտանիքը խոնավությունից խունացած պատերը փորձում է տաքացնել փայտով: «Մի անգամ վառելափայտով աջակցելու խնդրանքով դիմել եմ Վանաձորի քաղաքապետարան: Դիմում գրեցի, բայց չօգնեցին,- ասում է Լուսինեն ու շարունակում,-  անցած ձմեռվանից տանտերն ասում ա՝ դուրս արի, տունը ծախում ենք: Էլի դիմեցի քաղաքապետարան, ասի ամուսինս ստեղ չի, 5 երեխու հետ ես դուրսն եմ մնում, ի՞նչ անեմ, էլի չօգնեցին»:
Լուսինեն առողջական խնդիրներ ունի: «Բժիշկներն ասել են, որ պետք է շտապ վիրահատվեմ, բայց նախ պիտի «Նոր-մեդում» անալիզ հանձնեմ, որն արժե 28.000 դրամ: Չեմ կարողանում»:
Երրորդ  որդին եւս առողջական խնդիր ունի.նշիկները պետք է հեռացվեն: Հոգսերի մեջ խճճված կինը չգիտի որ հարցի լուծմամբ զբաղվի: Հիմա էլ տանտերը վերջնաժամկետ է տվել. տունը մինչեւ հոկտեմբեր պետք է ազատի:  «Գոնե մի հատ դոմիկ ունենամ, ես իմ երեխեքին կպահեմ, հույս կունենամ, որ մի օր դռանը չեմ մնա»,- ասում է նա:
Բազմազավակ ընտանիքների նկատմամբ վերաբերմունքի մասին էլ ասում է. «Հլա ինչ-որ մի տեղ էլ ասում են. խի՞ եք էտքան ունեցել, հավատացյալ ե՞ք: Իսկ մենք ուղղակի ուզում էինք 2 աղջիկ ունենանք: Աղջիկս շատ էր նեղվում, որ քույր չունի: Վերջինիս որպես աղջիկ բերեցինք, բայց տղա եղավ»:
5 երեխաների մայրը բազմազավակ բոլոր մայրերի անունից ասում է. «Պետք ա մի քիչ օգնեն, էլի, էս ձեւի ընտանիքներին: Խոսքը մենակ իմ մասին չի: Որ նայում եմ՝ ինձնից վատ վիճակում գտնվողներ էլ կան»:

Blogroll

About