суббота, 1 марта 2014 г.

COMPETITION - 30

Posted by Unknown On 07:06

«Ամեն մեկն իր կերպ է գժվում, երեւի իմ գժվելու կերպն էլ գրականությունն է»

Վերջերս ամփոփվել էին «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կողմից կազմակերպված«Լավագույն արձակ 2013» մրցույթի արդյունքները:  Լավագույն երեք ստեղծագործությունների թվում էր նաեւ վանաձորցի արձակագիր Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը» պատմվածքը: Սա հեղինակի առաջին հաջողությունը չէ: «Շների համաստեղությունը» վեպը հաղթող է ճանաչվել «Օրանժ գրքի մրցանակ 2011» մրցույթի «Լավագույն վիպակ» անվանակարգում, «Անքնություն» պատմվածքի համար հեղինակը 2012թ.-ին ստացել է «Նարցիս» հանդեսի մրցանակը: Զրուցեցինք Ն. Կռոյանի հետ:
-Գրում եք, որովհետեւ…
-Երեւի այդպես է վիճակված: Ամեն մեկն իր կերպ է գժվում: Երեւի իմ գժվելու կերպն էլ գրականությունն է, իմ պատմվածքներն ու վիպակներն են:
-Գրականության եւ իրականության սահմանագիծը…
-Գրողն իր ժամանակի, իրականության արգասիքն ու այն արտացոլողն է: Գրականությունը, եթե անգամ այն ֆանտաստիկ կամ ֆուտուրիստական է, միեւնույն է, չի կարող կտրված լինել այն իրականությունից, որի մեջ ապրում է գրողը, հետեւաբար այդ սահմանագիծը մի դեպքում ավելի աղոտ է (ռեալիզմ, նատուրալիզմ, էկզիստենցիալիզմ եւ այլն), մյուս դեպքում` առավել շոշափելի (ֆանտաստիկա, ֆուտուրիզմ, իմպրեսիոնիզմ եւ այլն):
-Ձեր ընթերցողը…
-Ամենատարբեր բնավորության, սոցիալական դիրքի ու քաղաքական հայացքների, կրթության ու տարիքի մարդիկ են: Իմ գրականությունը, իմ կարծիքով, երբեմն էկզիստենցիալ, երբեմն` նատուրալիզմի տարրեր պարունակող, երբեմն էլ ապորիկ խնդիրների համար էզոթերիկ լուծումներ գտնող գրականություն է: Մարդիկ`իրենք են ընտրում` ինչ կարդան եւ երբ:
-Ձեր՝ որպես մտավորականի դերը հասարակության, մասնավորապես, վանաձորցու կյանքում…
-Կարծում եմ, որ մտավորականն ավելի զգայուն է հասարակության կյանքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ եւ լակմուսի թղթի նման իր ստեղծագործություններում արտացոլում է այդ իրողությունները`ցավելով եւ ուրախանալով բոլորի հետ ու բոլորի նման: Իմ ուրախություններն ու թախիծը, բնականաբար, իմ Լոռվա աշխարհի ուրախության ու ցավի աձագանքն են: Իմ ստեղծագործություններում հենց դրա արտահայտությունը կտեսնի ընթերցողը: Մտավորականն իր տեղում, իր գրչով, իր վրձնով, իր մուրճով ու հատիչով պիտի ասի այն, ինչը նրան ցավ է պատճառում, ինչը կուզենա փոխել`Վանաձորը, մեր երկիրը իսկապես լավը դարձնելու ակնկալիքով:
-Հիասթափվում եք, երբ…
-Երբ ամեն ինչ չափելի է դառնում, եւ չափման միավորն էլ փողն է:
-Հավատում եք…
- Մի օր իսկապես ազատ ու արդար երկրում ենք ապրելու, մարդիկ սիրելու են իրենց պետությունն այնպես, ինչպես հայրենիքն են սիրում ու վերադառնալու են, չեն գնալու: Հավատում եմ, որ այլեւս չեմ լսելու սահմանին սպանված զինվոր մանուկների մասին, որ պատերազմ չի լինելու (ավելի շուտ` երազում եմ)…
-Ամենակարեւորը կյանքում…
-Ընտանիքս, երեխաներս են, երկիրս է: Ես նրանց հավասարապես եմ սիրում:
-Ի՞նչը կուզեիք փոխել Վանաձորում…
-Այն ամենը, ինչ կուզենայի փոխել իմ երկրում: Կուզենայի քաղաքս գեղեցիկ, մաքուր ու խնամված տեսնել` առանց ցեխ ու փոսի: Կուզենայի, որ քաղաքիս փողոցներում անտուններ ու մուրացիկներ չլինեին, եւ, որպես գերագույն արժեք, յուրաքանչյուրը գոնե արժանապատիվ ապրելու նվազագույն հնարավորություն ունենար:
Զրուցեց՝ Տաթեւիկ Սարգսյանը

Blogroll

About