Բազուկի անցած տարվա բերքը չի իրացվում

«Ամեն տարի շատ լավ էր, ճիշտ է, բանակի հետ պայմանագիր չենք ունեցել, բայց բերքը 40-50 դրամով միշտ էլ բանակին ենք տվել»,- ասում է տկն Կիման եւ ավելացնում, որ այս տարի երկու հեկտար հողատարածքից 80-90 տոննա բազուկի բերք են ստացել, սակայն իրացման խնդրի պատճառով բերքի հիմնական մասը փչացել ու թափվել է: Նրա ասելով՝ պաշտպանության նախարարությունն այս տարի պատրաստակամություն է հայտնել 25 դրամով 3 տոննա բազուկ ընդունել, որը սակայն չի փակում 1.5 մլն դրամի ծախսերը: Այլ տարբերակ չկար, ուստի ստիպված էին պահեստավորել բազուկի բերքը՝ ցրտահարությունից պաշտպանելու համար, այն հույսով, որ քիչ-քիչ կիրացնեն:
Կիմա տատի խոսքերով՝ առօրյա խոհանոցում բազուկը շատ չի օգտագործվում, այդ պատճառով էլ մինչեւ գարուն բերքը չեն կարողացել իրացնել տեղի շուկայում: Արարատյան դաշտավայրի այս տարվա ցրտաշունչ ձմեռն էլ նպաստեց պահեստավորած բազուկի ցրտահարությանը: Արդյունքում, բազուկի բերքը բաժին հասավ գյուղացիների անասուներին` բերքի կեսն անասնակեր է դարձել:
Ավետիսյանների ընտանիքն անորոշ վիճակում է հայտնվել. վաղ գարնանից 20 կգ սերմ են «պահ տվել» հողին, երկու անգամ ջրել, երկու անգամ հողը փխրեցնելու համար 6000 դրամ օրավարձով 50 աշխատող են պահել ու կերակրել, իսկ նոյեմբեր ամսին, բերքահավաքի ժամանակ, ուրախացել են առատ բերքից, վերջնարդյունքում այն անասնակեր է դարձել:
Կիմա Ավետիսյանը նույնիսկ ցանկություն չուներ խոսելու: «Ի՞նչն է փոխվելու, կարո՞ղ է գյուղնախարարությունն ինձ հատուցի, միեւնույնն է, էլի գարուն կգա, էլի մեր բահն ու ուրագը վերցրած կգնանք մեր տանջանքը շարունակելու, ապրել է պետք, բա՞ ինչ անենք»,- ասաց նա:
Ջանֆիդա համայնքապետի տեղակալ Վահան Հովհաննիսյանի ասելով` իրենք բերքահավաքի ժամանակ են տեղեկացել, որ գյուղում մեծ քանակությամբ բազուկ մշակող կա: Համայնքապետարանում կարծել են, թե պայմանագրով են բազուկը մշակում եւ իրացման խնդիրներ չեն առաջանա: