Կանանց իրավունքները Հայաստանում
Երբ խոսում ենք իրավունքի մասին, առաջին հայացքից չենք փորձում տարանջատել կանանաց և տղամարդկանց իրավունքները, փորձում ենք ընդհանուր մեկնաբանել, քանի որ իրավունքների պաշտպանություն ասելով պետք է հասկանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց իրավունքների պաշտպանություն: Շատ ցավալի է, որ այսօր, ելնելով բազմաթիվ իրավիճակներից ստիպված ենք տարանջատել` կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանությունը: Շատ դեպքերում կանանց պաշտպանությունն իրենց <<լռությունն >> է: Յուրաքանչյուր իրավիճակում ինքդ կարող ես քեզ պաշտպանել լռությամբ: Բայց ինչքան կարելի է լռել, գիտակցելով, որ կորցնում ես արժանապատվությունդ: Յուրաքնաչյուր կին պաշտպանում է իր իրավունքներն այն ժամանակ, երբ սկսում է գիտակցել այդ իրավունքի իմաստը: Երբ հասկանում ես , թե որն է այն առաջին օղակը, որտեղ պետք է պաշտպանվի և սկսվի քո իրավունքի պաշտպանությունը: Կանանց իրավունքների պաշտպանությունը պետք է սկսվի ընտանիքից՝ յուրաքանչյուր տղամարդուց: Քանի որ շատ ժամանակ նույնիսկ գիտակցելով քո իրավունքը, հարկ չես համարում պաշտպանել այն, հասկանալով որ զուր է:
Երկար տարիներ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կանանց դերի բարձրացմանը: Բազմիցս լսում ենք գենդերային հավասարություն, կանանց իրավունքների պաշտպանություն՝ որոնց նպատակն է՝ ապահովվել հավասար իրավունքներ և հնարավորություններ կանանց և տղամարդկանց համար: Նաև չմոռանանք նշել , որ ունենալ իրավունք չի նշանակում անել այն ինչ ցանկանում ես: Իմ կարծիքով իրավունքը՝ դա ցանկությունների և նպատակների իրականացման միջոց չէ: Յուրաքանչյուր կին պետք է գիտակցի իրավունքի իմաստը՝ հիմք ընդունելով իր տարածաշրջանի մշակույթն արտացոլող արժեհամակարգը:
Կանանց իրավունքների մասին խոսելով պետք չէ նշել միայն կանանց, քանի որ այս պարագայում իրենց կարևոր դերն ունեն նաև տղամարդիկ, որոնց միջոցով պետք է պաշտպանվեն կանանց իրավունները: Կարծում եմ, ոչ մի կին չի փորձում թերագնահատել այն տղամարրդկանց, ովքեր պաշտպանում են կանանց իրավունքերը Հայաստանում :
Կանայք երբեք չպետք է դադարեն պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար: Շատ կարևորում եմ աշխատանքերը կին լիդերների վերապատրաստման գործընթացում` իշխանական բոլոր մակարդակներում նրանց տեսնելու համար: Այնպիսի տպավորություն է, որ կանայք կարող են մտածել , արտահայտել իրենց կարծիքը, իսկ տղամարդիկ թերհավատորեն կարող են լսել և արձագանքել : Շատ կարևորում եմ կանանց դերը որոշումների կայացման գործընթացում: Չէ որ, կանանց համար տեսնելի են այն փոքր, բայց միևնույն ժամանակ կարևոր խնդիրները, որոնք միգուցե տղամարդիկ ուղակի չեն նկատում, և չի բացառվում, որ այդ փոքրագույն խնդիրների լուծումը կարող է հիմք հանդիսանալ կարևորագույն խնդիրների լուծման համար: Ուղակի կարելի է հնարավորության տալ կանանց և օգնել կյանքի կոչելու իրենց գաղափարները: Ասել, որ կանայք պասիվ են կարծում եմ ճիշտ չէ: Քանի որ այսօր կան շատ կազմակերպություններ, որտեղ աշխատում են կանայք, որոնք ունեն իրենց մեծ ներդրումը քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում: Աշխատում են հիմնականում երիտասարդների հետ, որոնք մեր ապագայի կերտողներն են: Երիտասարդ տարիքից նրանց մեջ ձևավորվում է գաղափար, որ իրենք ունեն իրավունքներ, և կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Հեռավոր գյուղական համայնքերում այդ խնդիրը նույնպես առկա է: Ներգրավվելով համայնքերի բնակիչներին բազմաթիվ միջոցառումների և դասընթացների, նրանց ձեռք մեկնելով ձևավորվում է առողջ մտածելակերպ և՛ իրավունքների պաշտպանության , և՛ հասարակական ու տնտեսական գործունեության ոլորտներում: Անդրադառնալով հասարակական և տնտեսական գործունեությանը, կանանց և երիտասարդների շրջանում նկատելի են բազմաթիվ նվաճումներ և ձեռքբերումներ՝ ինչու չէ, շնորհիվ այն կանանց, որոնք իրենց անմիջական ներդրումն ունեն համայնքներում խնդիրների լուծման և զարգացման գործընթացում: Կանայք կարող են, ունեն ցանկություն, և պատրաստակամ են թեկուզ փոքրիկ ներդրում ունենալ իրենց համայնքի և երկրի զարգացման գործընթացում:
Չնայած այդ ամենին, ականատես լինելով անցանկալի իրավիճակների կարելի է ենթադրել, որ կանանց իրավունքները դեռ լիարժեք պաշտպանված չեն Հայաստանում, քանի որ կա անպատժելիություն, և այդ անպատժելիության գաղափարն էլ ստիպում մեզ այդ կերպ մտածել: Անկախ կարգավիճակից, յուրաքանչյուր կին ունի իրավունքներ և ուղակի պարտավոր է պաշտպանել իր իրավունքը: Եվ իհարկե, ցանկացած իրավիճակներում, թույլ, թե ուժեղ, կինը պետք է մնա ԿԻՆ` իր համեստության, խոհեմության և իմաստության չափով: